21 12 2021

«Կարճ ասած»․ Ամեն բան թանկանում է, իրենք` հարստանում



 

Երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հարցում ենք արել սոցիալական վիճակի մասին։ Գոնե մեկ հոգու չենք հանդիպել, որ ասեր, թե իր վիճակը միջին է կամ մի քիչ բարձր։ Մի պահ անգամ զարմացանք՝ լավ, Երրորդ մասի հրապարակով մի քչից շատից հարուստ չի՞ անցնում։ Ակնհայտ է, որ էս իշխանության քաղաքականությունը աղքատածին է, պայքարում է, որ երկրում հարուստներ լինեն միայն իշխանական կերակրատաշտի շրջանում․ ԱԺ նախագահն էր ասում՝ վիճակս լավ չէր, մինչև չհասա կերակրատաշտին։

Հայաստանի քաղաքացին՝ Նիկոլ, հացի խնդիր ունի։ Քանի որ դու ժողովրդի խնդիրներով զբաղվելու ժամանակ չունես, միայն եթերներն ես նայում, մարդկանց քոմենթներն ես կարդում, որ քո մասին վատ խոսք ասողի հետևից իրավապահ ուղարկես, ուրեմն սա էլ կլսես՝ քո պահած երկրի քաղաքացին կուշտ ուտելու խնդիր ունի, Նիկոլ։ Մարդու առաջ միկրոֆոնը պահում ես, որ իրենից խոսի, լաց է լինում, ասում է՝ դուրս եմ եկել, որ հաց գտնեմ։

Երեկ հերթական բոթը վրա հասավ․ հոսանքը թանկանում է, Նիկոլի օրոք՝ արդեն երկրորդ անգամ։ Իսկ կա՞ մի բան, որ չի թանկացել իր օրոք։ Ամեն ինչ է թանկացել, հոսանքը հերթականն է։ Բայց հոսանքի թանկացումը շատ ուշագրավ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոխերիմ թշնամին՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ասում էր, թե հոսանքը 20 տոկոսով էժանացնելու հնարավորություն կա, ուղղակի չեն էժանացնում, փող է աշխատում Սերժը։ Բա ո՞նց եղավ, որ դու էժանացնելու փոխարեն թանկացրիր․ հիմա կա՛մ էն վախտ սուտ էիր ասում, Սերժի վրա շառ էիր անում կամ էլ դու ես հիմա էլ թալանում։ Ո՞ր մեկն է։ Ասել ես, որ հոսանքը 20 տոկոսով կարող է էժանանալ, բայց դրա փոխարեն 10 տոկոսով թանկանում է։

Սա իմ կարծիքով, կուրացած քաղաքացու անտարբերության պատճառով է։ Մեր երկրում կա՞ն մարդիկ, որ կարող են դուրս գալ փողոց այս համատարած թանկացումների համար։ Թե՞ ձեզ հիմարացնում են, թե՝ ամբողջ աշխարհում է այդպես, դուք էլ հավատում ու նստում եք տեղներդ։ Եթե վարորդները բենզինի թանկացման, գազի թանկացման համար փողոց դուրս գային, քաղաքացին՝ ձվի համար, կարագի ու ձեթի համար, էսօր էսքան անհիմն թանկացումներ չէին լինի։ Հիմնավորում են՝ ճեղքվածք է, պետք է 4,7 դրամով թանկացնենք։ Սրանից ուղիղ 6 տարի առաջ՝ 2015 թվականին, էլի ճեղքվածք էր առաջացել, ու Սերժ Սարգսյանն ասաց պետք է թանկանա 6,9 դրամով։ Սկսեց Էլեկտրիկ Երևան շարժում․ ցույցեր, գիշերները քնեցինք դրսում, ու չթանկացավ, ռուսներն էլ ՀԵՑ-ը ծախեցին հայ գործարարի, թե մի քաղաքականացրեք, գնացեք դուք ձերոնցով լուծեք։ Բա, հիշում ե՞ք, մի հատ նախաձեռնություն էլ հրատապ ստեղծվեց՝ «Ոչ թալանին» անունով։ Ժողովրդին ասացին ոչ մի ճեղքվածք չկա, Սերժն է թանկացնում, որ թալանի, հավատացին, հելան փողոց, ու հոսանքը չդարձավ 48 դրամ, մնաց 41 դրամ։ Հիմա դառնում է 55 դրամ, ու այ քեզ բան՝ փողոցում մարդ չկա։ Բա, էն էլեկտրիկ երևանի ժամանակ փողոց փակողներն ո՞ւր են։

Իսկ գուցե լրիվ ուրիշ բանե՞ր էին էն ժամանակ։ Օրինակ՝ դրսի կազմակերպած․ ամեն մի թեթև առիթ օգտագործվում էր հանրության դժգոհութունը իշխանության նկատմամբ ուժեղացնելու, հեղաշրջում անելու համար, թե՝ ձեզ թալանում են։ Իշխանությունը զավթելու ամեն մի հնարավորությունից հենց Նիկոլն ու Լևոնն իրենց թիմով օգտվում էին 1999 թվականից սկսած՝ դրսի աջակցությամբ, չէր ստացվում, կատարելագործվում էին՝ ջահելներին օգտագործելով։ Հիմա էլ փողոց չեն ելնում, որովհետև դրսի քաղաքական պատվերը չկա՞։ Եթե մարդը կարող է փողոց դուրս գալ, որ հոսանքը չդառնա 48 դրամ, ուրեմն նա կրկնակի առիթ ունի փողոց դուրս գալու, որ չդառնա 55 դրամ։ Էլ չեմ ասում, որ իրեն ասել են, որ կարող է 41-ից 20 տոկոսով էժանանալ, այսինքն, եթե հավատանք Նիկոլին, այսօր հոսանքի գինը պետք է լիներ 33 դրամ, ոչ թե դառնար 55։

Մեր երկրում այսօր կան բազմաթիվ ընտանիքներ, որոնցում աշխատում է մեկ հոգի ու ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68 հազար դրամ։ Այսօր մեր երկրում կան բազմաթիվ ընտանիքներ, որ նպաստի հույսին են, տարեցների թոշակի հույսին են։ Մեր երկրում նվազագույն սոցիալական զամբյուղը 70 հազար դրամ է, այդքան գումար է պետք մեկ մարդուն գոյատևելու համար, մեկ հոգուն, բայց դրանից քիչ գումարով մեկ ընտանիք է ապրում։ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակ ասում էր ո՞նց եք պաշտոնյայի աշխատավարձ բարձրացնում, եթե թոշակները չեն բարձրանում։ Բա այ տղա, 3 տարում ընդամենը 1000 դրամով ես բազային թոշակը բարձրացրել, նպաստը նույնն է մնացել, պաշտոնյաներիդ կրկնապատկել-եռապատկել ես եկամուտը, ու թանկացնում ես բոլոր ապրանքներն ու ծառայությունների գները, ո՞նց ապրեն մարդիկ։ Ասում ես՝ պետք է քաղաքացին պահանջի, որ պաշտոնյան, նախարարը բարձր ստանա։ Ինչոր չեմ պատկերացնում որ որևէ քաղաքացի պահանջի որ քո Վահան Քերոբյանի, կամ քեզ աստվածացնող Կարեն Անդրեասյանը կամ թեկուզ Պապիկյանը էն որ 100 հոգով է Երևանի կենտրոնով ֆռֆռում, բարձր ստանան։ Ստանան որ ինչ անե՞ն, նայեն նկարիդ ու աղոթե՞ն։ Քաղաքացին քեզ հավատացել է ու հիմա պահանջում է, որ էսքանից հետո հավաքես էդ պաշտոնյաներին, դու էլ հետները ու ․․․ դու գիտես ուր գնաք։ Թոշակ-աշխատավարձը չի աճելու ժողովուրդ, իսկ կենտրոնական բանկի նախագահն արդեն ասել է, որ մինչև եկող տարվա կեսը բարձր գնաճ է լինելու։ Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա պատգամավոր Փաշինյանն իրեն ոնց էր ճղել։

Դրա համար էլ մարդիկ գնում են քո պահած երկրից։ Դու խոստացել ես ՀՀ բնակչության թիվը դարձնել 5 միլիոն, բայց մենակ էս տարի արդեն 100 հազար մարդ գնացել է՝ պաշտոնական վիճակագրությամբ, մեր երկրում ավելի շատ մարդ է արդեն մահանում ամեն տարի, քան ծնվում է․ բա էս սթրեսներից, քո երկիր պահելու պայմաններից է էս ամենը։ Հարցնում ենք թոշակառուին ոնց ես ապրում, լացում է՝ 30 հազար թոշակով կոմունալ, դեղ, էլ ո՞նց ապրի։ Արժանապատիվ ծերություն ես խոստացել, բա ինչի՞ է 80 տարեկան տատիկը անձեռոցիկ ու նասկի ծախում փողոցներում։

Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ քաղաքացիները հիմա ավելի լավ են ապրում, քան մի տարի առաջ։ Արա դե լավ էլի, այդքան ցինիկ չի կարելի էլի։ Որ դու նկատելիորեն չաղացել ես, ուրեմն բոլորը լա՞վ են ապրում։ Ասում էր՝ օգոստոսից կէժանանա ամեն ինչ։ Ստի՞։ Ամեն ինչ թանկացել ա ու ամեն ինչի արդրարացում ունեք։ Ժողովուրդ, մեզ արդարացում պետք է՞։ Լավ, դու ամեն անգամ պատրաստվում ես գոտիներդ ձգես ու համբերես, թե ոնց են քեզ ստորացնում ու արդարացնո՞ւմ իրենց քայլերը։ Դու պետք է համբերես, թե ոնց են քեզ թալանո՞ւմ։ Եթե քո կյանքը թանկանում է, եկամուտները նվազում է, բայց քո բերած պաշտոնյաները հարստանում են, տներ են առնում, աշխատավարձեր են բարձրացնում, ուրեմն քեզ թալանում են, չէ՞։ Ինչպես Նիկոլը կասեր՝ թալան ասելով նկատի չունեմ, որ Նիկոլն ու աներձագը գալիս են քո տնից քո դիվանը տանում են՝ ամեն մեկը մի ծերից բռնած․ է՛ս ա թալանը, էնմ ինչ կատարվում ա Հայաստանում։

Ժողովուրդ, լավ, ինձ հետաքրքրում է, դու մինչև ե՞րբ ես պատրաստ հանդուրժել․ քո պետության համար ոտքի չես կանգնում, Արցախի համար ոտքի չես կանգնում, հացիդ համար ոտքի չես կանգնում․ է հետո՞։ Քեզ համար մեկ է՞։ Պետության ղեկավարի ասածը պետք է կշիռ ունենա, երբ ասում է, որ ջուրը չի թանկանա, ուրեմն պետք է ջուրը չթանկանա․ երբ ասում է չի թանկանալու, հետո արդարացում է գտնում, թե ինչու թանկացավ, ուրեմն նրա տեղը պետության ղեկին չէ։ Իշխանությունը պետք է կանխատեսելի լինի ժողովրդի համար, եթե նա բան է ասում ու չի կատարում, անհուսալի է դառնում, ուրեմն ձախողված է նրա քաղաքականությունը մնացած բոլոր տեղերում։ Նույնկերպ սուտ է ասում, նույն կերպ ֆռռացնում է մատների վրա։ Ու քաղաքացին, դրան պտի անտարբեր չլինի, չի կարելի հանդուրժել ու սովորական ընդունել պետական պաշտոնյայի կողմից սուտ ասելը։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ուզում է Հայաստանի ժողովրդից ստանալ հնազանդ մի զանգված, մարդիկ, որոնք համակերպվում են ամեն ինչին՝ իրենց բաժին հասած վշտին, իրենց սոցիալական ծանր վիճակին ու այն ամենին, ինչ կատարում են իր հետ։ Հարմարվեք նրան, որ մեր երկրում պետք է դու աղքատ մնաս, ու պետք է հարստանան նիկոլամերձ պաշտոնյաները։ Քեզ խաբեն ասֆալտով ու փռեն ասֆալտին․ քեզ թվա, թե ասֆալտ են անում, որ դու լավ ապրես, բայց էդ ասֆալտով ալենանմանները հարստանան, իսկ դու աղքատ մնաս։

Ու հիմա էլ պետք է ասեք խեղճ Նիկոլն ինչ անի՞։ Ոչ մի բան էլ չի կարող անել սուտասան մարդը, նա պետք է հեռանա, ու երբեք իրավունք չունենա պետական կառավարմանը կիլոմետրից մոտ լինի։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ